Կառավարությունը որոշում կընդունի ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանում նոր կենտրոն ստեղծելու մասին

Կառավարությունը որոշում կընդունի ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանում նոր կենտրոն ստեղծելու մասին

ՀՀ գործադիր մարմինն այսօրվա նիստում ի թիվս մոտ չորս տասնյակ չզեկուցվող հարցերի հավանություն կտա ԱՊՀ-ի շրջանակներում «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին:

Նախագիծը մշակվել է Անկախ երկրների համագործակցության անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների (այսուհետ ՝ ՖՀՄ) ղեկավարների խորհրդի կողմից:

Համաձայնագրի հիմնավորման մեջ ասվում է. «Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ՖՀՄ-ների միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը:

Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) ստեղծում: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի վերհանման և գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջև էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը և ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը:

Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել համաձայնագրում ներկայացված նպատակներով և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության»:

Leave a Reply

Your email address will not be published.