Կարևոր է ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ՝ ատելության խոսքի դեմ պայքար մղելու համար. ՄԻՊ

Կարևոր է ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ՝ ատելության խոսքի դեմ պայքար մղելու համար. ՄԻՊ

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար դեկտեմբերի 7-ին անցկացվել է «Պայքար ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ։ Գերմանական փորձը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրել Գյոթինգենի դատախազության ավագ դատախազ, Համացանցում ատելություն առաջացնելուն դեմ ուղղված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ֆրանկ-Միխաել Լաուեն:
Մասնակիցները գործնական օրինակների միջոցով ուսումնասիրել են համացանցում ատելության խոսքի տարածումը, հրահրումը, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ քրեական հետապնդման գերմանական մարմինների մոտեցումները և գործող մեխանիզմները։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավարևելյան Եվրոպայի II և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ֆրանկ Հուպֆելդը և Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Սոֆի Բրաունը:
Պաշտպանն իր բացման խոսքում կարևորել է Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործակցությունը։
«Ատելության խոսքի հաղթահարումն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, կարևոր առաջնահերթություններից է։ Մեր հասարակությունում առկա խնդիրներից շատերի հիմքում, ցավոք, առկա անհանդուրժող և խտրական միջավայրն ու ատելության խոսքն են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ ատելության խոսքի և այդ շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար մղելու համար»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Հեղինե Ենգոյանը ներկայացրել է Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի համար պատասխանատվություն սահմանող օրենսդրությունը և Պաշտպանի աշխատակազմի արձանագրած օրենսդրական ու գործնական խնդիրները։
Դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքից բխող վտանգներին, ատելության խոսքը ատելություն հրահրող խոսքի այլ դրսևորումներից տարանջատելու սկզբունքներին, ատելության հրահրման դեմ քրեաիրավական պայքարին վերաբերող գերմանական, եվրոպական, միջազգային իրավական ստանդարտներին և այդ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։
Դասընթացի ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրային այլ միջոցառումների անցկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Leave a Reply

Your email address will not be published.