Համագործակցության հուշագիր Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև

Համագործակցության հուշագիր Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև

Ապրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթն ստորագրել են «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։

Երկուստեք կարևորվել է փաստաթղթի ստորագրումը՝ որպես համայնքի զարգացման գործում կարևոր ձեռքբերում։ Հուշագրից բացի, կողմերն ստորագրել են նաև Մեղրի քաղաքի զարգացմանն ուղղված համաձայնագիր: Երկու փաստաթղթերի արդյունքում կամրապնդվի կոմբինատ-համայնք կապը: Կողմերը շարունակելու են համագործակցել տնտեսական, սոցիալական, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։

«ԱՊՄԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովն իր խոսքում ընդգծել է․ «Ընդհանրապես, մենք 15 տարվա ընթացքում շատ մեծ աջակցություն ենք տրամադրել համայնքին, բայց ոչ բոլորն են գնահատում այն, ինչ տարիների ընթացքում ներդրվել է: Հավատացե՛ք, ընկերությունը շատ մեծ ազդեցություն ունի համայնքի զարգացման գործում: Այսօր առանձին համաձայնագիր ստորագրեցինք նաև Մեղրի քաղաքի հետ, ինչը շատ կարևոր է: Սակայն մեր պարտավորությունները ոչ միայն Մեղրի քաղաքի հանդեպ են, այլ ամբողջ համայնքի»,- նշել է գլխավոր տնօրենը:

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ևս կարևորել է հուշագրի և համաձայնագրի ստորագրումը։ «ԱՊՄԿ-ի կողմից սոցիալական պատասխանատվության շրջանակում համայնքին հատկացվող աջակցությունը կուղղվի խոշորացված Մեղրիի զարգացմանը, մասնավորապես քաղաքաշինության, սպորտի, մշակույթի, կրթության ոլորտներին»,- ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.