Հայաստանը վերստին համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Պարտքը ՀՆԱ-ի 46 տոկոսն է. Փաշինյան

Հայաստանը վերստին համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Պարտքը ՀՆԱ-ի 46 տոկոսն է. Փաշինյան

Պետական պարտքի մեջ մենք դրամային պարտքի մասնաբաժինը ավելացրել ենք և այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը 28 տոկոս է եղել նախորդ ժամանակաշրջանում:

«Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժեւորմամբ: Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի  տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ, սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը:

Հիմա մենք աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը և ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են»,-հայտարարեց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր»:

Նշենք, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2022-ին էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն: Պարտքը 2022–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն դոլար։

Leave a Reply

Your email address will not be published.