Հաստատվել են ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը. Փաշինյանը ներկայացրել է «օպտիմալացման քարտեզը»

Հաստատվել են ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը. Փաշինյանը ներկայացրել է «օպտիմալացման քարտեզը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել  է  Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ միգրացիոն գործընթացների կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության:

Միաժամանակ, Կառավարության 2023 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Կառուցվածքային բարեփոխումների նպատակը միգրացիոն շղթայի միասնական և արդյունավետ կառավարումն է, սոցիալական գործառույթների փոխանցումը (նոր ճանաչված փախստականների ինտեգրում, ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրում) ՀՀ ԱՍՀՆ, փոխադրումը ՆԳՆ կազմ՝ հաշվի առնելով ծառայությունների և գործընթացների անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև ուժային տրամաբանությունից անցում կատարելը դեպի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։

Հաստատվել է նաև ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47:

Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։

Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:

Վարչապետ Փաշինյանն՝ ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և նշել. «Սա մեր օպտիմալացման քարտեզն է։ Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։

Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։

ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում: Արդեն դա աշխատանքի կազմակերպման հարց է, որպեսզի հասանելի լինի, բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը։ Ընդհանրապես, մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառնությունների համար հերթ կանգնի, իր տնից, կամ իր աշխատավայրից պետք է կարողանա գործընթացն իրականացնել։ Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում, սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք։ Հետդարձի ճանապարհ չկա, և մենք պետք է գնանք ու անպայման այս գործառույթն իրականացնենք»։

Leave a Reply

Your email address will not be published.