Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքելով 81 միավոր՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:
Քվեարկությանը, որի մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մասնակցել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ակումբները և մարզական լրագրողները։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքում
առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը պարգևատրվում է «ոսկե» գնդակ մրցանակով
և 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «արծաթե» գնդակ
մրցանակով և 3 միլիոն դրամով, երրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «բրոնզե»
գնդակ մրցանակով և 2 միլիոն դրամով: