ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Հայկական հեռուստատեսության սիրելի´ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում, այն նորանոր հորիզոններ է բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար: Կարևոր է հեռուստատեսության դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու հարցում: Այսօր էլ հեռուստատեսության առջև ծառացած են բարդ ու կարևորագույն խնդիրներ: Դրանց լուծումը պահանջում է աշխատանքների, մոտեցումների ու տեսլականի մշտական կատարելագործում և բարելավում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Հեռուստատեսության օրվա առթիվ մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ»: