Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Բաքվի պահանջները։
Նրա խոսքով՝ միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են։
«Դրանք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Դրա շրջանակներում Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի անխափան տեղաշարժը։ Այս ռեժիմն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վաղուց ամրագրված են»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով վերջերս Եգիպտոս կատարած իր այցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ մասնակցել է Արաբական երկրների լիգայի նախարարական մակարդակով նիստին:
Նրա խոսքով, ՀՀ-ն անկախության հռչակումից ի վեր ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ է ունեցել և այսօր էլ ունի արաբական պետությունների հետ:
«Այցը շատ լավ առիթ էր միանգամից մեկ սրահում արաբական երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել մեր տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ և 1-2 կարևոր հարցի անդրադառնալ:
Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է և կատարվել է մեր տարածաշրջանում, խոսքը կրոնական երանգի մասին է: Ահա այս այցի ընթացքում կարողացանք հանգամանորեն ներկայացնել, բացատրել մեր գործընկերներին: Կարող եմ վստահեցնել, որ նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը՝ այն բոլոր խնդիրները, որ կան Ադրբեջանի հետ, որևէ կերպ որևէ կրոնական երանգ չունեն»,- ասաց Միրզոյանը: