Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ըստ աղբյուրի՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է, իսկ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։