Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված

Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու և որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։

Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ նախատեսվում էր, որ նա կրկին կվերընտրվի քաղաքապետ, քանզի ՔՊ-ն Վանաձորում պարտվել էր, իսկ ընդդիմությունը՝ հաղթել, սակայն դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երկու անձ, որոնք մեղադրվում են Ասլանյանին օժանդակելու մեջ։

Մասնավորապես, Սուրեն Աբովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 26-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատարի, իսկ այնուհետև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն: Արևհատ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարի, իսկ այնուհետև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն, չարաշահելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Leave a Reply

Your email address will not be published.