Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումները հնարավոր է՝ տեղի ունենան մարտին` Ժնևում, «Trend»-ին ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։
«Ես քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից։ Այս փուլում մենք ձգտում ենք հասնել սկզբունքային համաձայնության, որ Միջխորհրդարանական միությունը հարթակ կապահովի երկու երկրների համար՝ խորհրդարանական մակարդակով հավաքվելու և անկեղծ ու ազնիվ քննարկելու այն հարցերը, որոնք լուծելու դեպքում կարող են օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է նա:
Չունգոնի խոսքով՝ միությունը նախատեսում է քննարկումների համար հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրաստիճան ղեկավարներին։
«Մենք հավատում ենք խորհրդարանական դիվանագիտությանը, որը լրացնում է դիվանագիտության ավանդական ձևը, որը ձևակերպված է գործադիր իշխանության կողմից», – նշել է պաշտոնյան: