Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրենը յուրացրել է շուրջ 14 մլն դրամ

Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրենը յուրացրել է շուրջ 14 մլն դրամ

Ավարտվել է  «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն վստահված գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնօրենը, պաշտոնավարման ընթացքում, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող թվով ութ անձանց հրամանագրել է ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում եւ վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, իր ստորագրությամբ եւ դպրոցի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի եւ աշխատավարձի վճարային տեղեկագրերը, դրանց մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ անձինք հաճախել են աշխատանքի եւ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները:

Այնուհետեւ, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում նրանց փոխարեն եւ նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից դուրս են գրվել ընդհանուր 13.643.343 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որոնք յուարցման եւ վատնման եղանակով հափշտակվել են տնօրենի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար, ուղարկվել են  հսկող դատախազին:

Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենը պատճառված վնասից վերականգնել է 3մլն. 700 հազ. ՀՀ դրամը:

Պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Leave a Reply

Your email address will not be published.