ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումները՝ նշելով, որ ծառայությունը հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը ձևավորվել է հիմնական չորս մասնագիտական-գործառութային ոլորտների տրամաբանությամբ՝ քաղաքացիությանն առնչվող գործառույթներ, օտարերկրացիներին առնչվող գործառույթներ, անձնագրային ոլորտին առնչվող գործառույթներ, բնակչության պետական ռեգիստրին առնչվող գործառույթներ:
«Նախադեպը չունեցող, երկու փուլից բաղկացած վերապատրաստումն անցած աշխատակիցները բաց և թափանցիկ մրցութային պայմաններում, ըստ վաստակած միավորների, նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոններում: Չհամալրված հաստիքների մասով առաջիկայում կհայտարարվեն թափուր պաշտոնների մրցույթներ:
Բարեփոխումների շրջանակում նախկին 63 անձնագրային ծառայությունները օպտիմալացվել են 47-ի՝ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ»«- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ներքին գործերի նախարարությունում ընթացող ոլորտային բարեփոխումների նպատակը միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացնումն է: Այդ համատեքստում ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են, և դրանց վերաբերյալ կազմվել են թվայնացման նախագծեր: