ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքների անդամները մի շարք խնդիրներ են բարձրացրել։ Դրանք կապված են ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի հետ: Մանասյանը նշել է, որ ծնողների կողմից բարձրացված հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են և պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունն անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպելու վերաբերյալ: