ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին և հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանն ԱԺ նախագահը ելույթ է ունեցել և պատասխանել հարցերի: Ալեն Սիմոնյանը նշել է, որ եվրոպական արժեքներին հավատարմությունը, Եվրոպական միության երկրների հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում առանձնակի նշանակություն ունեն:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում՝ նա ասել է, որ Հայաստանի՝ լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործում Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների հետագա աջակցման հարցում:
«Այսօր մեր առջև ծառացել են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է: Ակնհայտ ու փաստարկված ճշմարտություն է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան պատերազմներն ունեին նաև հայկական մշակութային ինքնության ու պատմության ոչնչացման նպատակ»,- շեշտել է բանախոսը:
Նա փաստարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի անդառնալի հետևանքները և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակումները:
«Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք: Մեր խորին համոզմամբ ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը»,- նշել է ԱԺ նախագահը:
Նա կարևորել է ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու հանգամանքը, շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանն առաքելության տեղակայման գործում ներդրած ավանդի համար:
Գերմանացի գործընկերները նշել են, որ մեծապես կարևորում են մեր երկրի հետ հարաբերությունների խորացումը և անում այդ ուղղությամբ տեսանելի քայլեր՝ հավելելով, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:
Նրանք հարցեր են ուղղել շրջափակված արցախահայության գոյաբանական խնդիրների, տարածաշրջանում նկատելի բեւեռացման պայմաններում Հայաստանի դերի և եվրաինտեգրմանը նպաստող քաղաքականության շուրջ: