«Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում վերջերս ի հայտ եկած մի տեղեկատվությունը: Ես գիտեմ, որ Գլխավոր դատախազությունում գործեր են քննվում Երևանի թվով 24 մանկապարտեզի վերաբերյալ»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ դրանք այն մանկապարտեզներն են, որոնք առերևույթ նախնական տվյալներով ապօրինի կերպով օտարվել են մասնավոր անձանց:
«Գլխավոր դատախազությունը խնդիր է դրել այդ մանկապարտեզները կամ, եթե հնարավոր չէ համարժեք տարածքները, կամ համարժեք ֆինանսական միջոցները վերադարձնել Երևանի և պետական բյուջե»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ այդ բոլոր մանկապարտեզներն այսօր արդեն չկան, քանի որ բիզնեսի տեսանկյունից արժեքավոր տեղերում են եղել և օտարվելուց հետո վերածվել են կա՛մ բարձրահարկերի, կա՛մ տնտեսվարման այլ կառույցների:
Նա նաև տեղեկացրեց, որ դրանք էժան գներով են օտարվել որոշակի շրջանակի անձանց, այդ պատճառով էլ հակակոռուպցիոն գործերի շրջանակում են քննվում և նման գործեր կան նաև մարզերում:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Նենց տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու ձեր ոլորտում»: