ՊԵԿ-ի նոր պահանջները՝ մաքսային պահեստներին

ՊԵԿ-ի նոր պահանջները՝ մաքսային պահեստներին

Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել պահեստների տիրապետողների, ինչպես նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով ոլորտում սպասվող փոփոխություններն ու համատեղ քննարկելով կարգավորման մեխանիզմները:

 

ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը տեղեկացրել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների պահպանման պայմանների, ինչպես նաև թվայնացման մասով: Փոփոխությունների արդյունքում նոր և արդիականացված պահեստներում կապահովվի ապրանքների առավել անվտանգ և կանոնակարգված պահպանություն: Որոշակի առանձնահատկություններ են նախատեսվել նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար:

 

Ապրանքների ներմուծումից մինչև բացթողում շղթան ամբողջապես թվայնացնելու շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն նախատեսել է թվային լուծումներ՝ պահեստներում ապրանքների շարժի էլեկտրոնային հետագծելիությունը և այդտեղ գտնվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար: Առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ինչի շրջանակում ևս լրացուցիչ պահանջներ են առաջադրված, որոնք ուժի մեջ կմտնեն համակարգի գործարկման օրը:

 

«Ի դեպ, ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներին ներկայացված նոր պահանջները սահուն իրագործելու նպատակով, տնտեսվարողների համար անցումային ժամանակահատված է սահմանվել: «Այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ներառվել են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը, պարտավոր են մինչև 2024 թ. մարտի 17-ն ապահովել նոր պահանջները, իսկ այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ընդգրկվում են 2023 թ. սեպտեմբերի 17-ից հետո, պարտավոր են նոր պահանջների պահպանվածությունն ապահովել ռեեստրում ընդգրկվելու պահին»,- նշել է Սոսե Ստեփանյանը:

Leave a Reply

Your email address will not be published.