ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ:
«Պարո’ն նախագահող,
Պարո’ն Գլխավոր քարտուղար,
Հարգելի’ գործընկերներ,
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս քննարկմանը մասնակցելու հրավերի համար: Մենք առնչվում ենք անվիճելիորեն կարևոր և արդիական թեմայի` ամբողջ գլոբալ միջազգային հանրության և հատկապես Եվրոպայի խորհրդի համար, որը պետք է դառնա կայուն զարգացման գաղափարների առաջմղման և դրված նպատակներին հասնելու հիմնական դերակատարներից: Ցանկանում եմ նաև շնորհավորել զեկուցողներին կատարած շատ պատասխանատու աշխատանքի համար:
Նկատառումներս առնչվում են երեք հիմնական հարթությունների. առաջին` ԿԶՆ-ներին հասնելու բարդ միջավայրի վերաբերյալ իմ գնահատականները, երկրորդ` ԿԶՆ-ների տեղայնացման նոր խնդիրները և երրորդ` որոշ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ տեղայնացնել դրանք:
Մենք անցել ենք ԿԶՆ-ներին տանող ճանապարհի ուղիղ կեսը, և այսօր լավ հնարավորություն է գնահատելու, թե որտեղ ենք, ինչպես նաև` նախանշելու առաջ շարժվելու նոր ճանապարհային քարտեզ: Կայուն զարգացման նպատակներն առաջընթացի համար խիստ ցանկալի չափորոշիչներ են, և տեղյակ եք այն գնահատականներին` համաձայն որոնց, ցավոք, դրանք կարող են թղթին մնալ մինչև 2030 թվականը: Նման սպասելիքներն առաջանում են նոր գլոբալ սպառնալիքների, շարունակական առճակատումների և աշխարհում բևեռացվածության խորացման ճնշման ներքո:
Թույլ տվեք սկսել` կարևորելով, որ բոլորս պետք է ընդունենք և գիտակցենք այն փաստը, որ ԿԶՆ-ները մեր միասնական նպատակներն են, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում` որպես գործելու համընդհանուր կոչ: Փորձագետների և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ քննարկումները թույլ են տալիս առանձնացնել իրագործման գործընթացի հետ կապված հետևյալ հիմնախնդիրները.
1.Կառավարության տարբեր մակարդակների և մասնավոր հատվածի դերակատարների մասնակցությունը ԿԶՆ օրակարգի իրականացման գործում: Բավական բարդ է և երբեմն դժվար համակարգել 2030 օրակարգում տարբեր մասնակիցների ներդրման, ինչպես նաև` նրանց ներուժի գնահատումը` դրանք էլ ավելի շատ ոլորտներում ու բաժիններում ներդնելու նպատակով:
2.ԿԶՆ-ների իրագործման գնահատումը: ԿԶՆ-ներին հասնելուն ուղղված քաղաքականության պլանավորման և իրագործման հարցում չկան ոլորտային և աշխարհագրական տարբեր հարթությունները հաշվի առնող համապարփակ և ընդգրկուն մոտեցումներ: Դրանք նաև զուրկ են ներառական, մասնակցային մեխանիզմներից: Գործընթացը թույլ չի տալիս բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավումն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը:
3.Անհրաժեշտ տվյալների բացակայությունը: Շատ երկրներ պայքարում են ԿԶՆ-ների և դրանց իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում: Տվյալների հավաքագրումը երկրներում իրականացվում է տարբեր կերպ, ինչը դժվարացնում է ԿԶՆ թիրախների և ցուցանիշների գնահատումը գլոբալ համատեքստում:
4.Կայուն ֆինանսական մեխանիզմներ: Շատ ԿԶՆ-ներ կառավարությունների պատասխանատվության ներքո են, ինչն ավելի է դժվարացնում դրանց ձեռքբերումների ֆինանսավորման համար միջոցներ գտնելը: Կարևոր է ունենալ մասնավոր հատվածի և դոնոր համայնքի պատշաճ և արդյունավետ ներգրավվածություն` արդյունավետ գործող կայուն ֆինանսական մեխանիզմներ ու գործիքներ մշակելու եւ իրականացնելու համար:
Հարգելի’ գործընկերներ, մեզ վիճակված է ապրել բազմաճգնաժամ ժամանակահատվածում (pilicrisis): Ինչպես ցույց են տալիս Եվրոպայում կատարված վերջին ուսումնասիրությունները, ի թիվս բազում խնդիրների` ներկայումս քաղաքացիների համար ամենախիստ մտահոգությունը կենսաապահովման ծախսերի աճն է: Աղքատությունն ու սոցիալական մեկուսացումը նույնպես շատ են մտահոգում նրանց: Covid-19 համավարակի, աճող գնաճի և էներգետիկ ճգնաժամի հետևանքները շարունակում են ազդել կյանքի որակի վրա: Եվրոբարոմետրի համաձայն թե’ Ուկրաինայում պատերազմի հնարավոր տարածվելն այլ երկրների վրա, թե’ կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը ԵՄ քաղաքացիների մեծամասնության գլխավոր անհանգստությունն են:
Այս ամենից զատ մենք բախվում ենք նաև գլոբալ մարտահրավերների: Հատկապես հետխորհրդային տարածքում զարգացումը հանգեցրել է անբնական իրավիճակի, երբ շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջև դժվարին ընտրության առաջ: Աշխարհում առկա տեղաշարժերը ստիպում են մեզ մտածել չորրորդ հարթության մասին, որտեղ զարգանում են ԿԶՆ-ները: Տնտեսական աճից, սոցիալական պատասխանատվությունից և բնապահպանական հավասարակշռությունից զատ մենք պետք է մտածենք նաև անվտանգության, կամ, այլ կերպ ասած, կյանքի համար ապահով և խաղաղ միջավայրի մասին:
Նկատի ունենալով բոլոր այս մարտահրավերները` այդուհանդերձ պետք է ադեկվատ և ռացիոնալ լինենք` հասնելու համար կայուն զարգացման նպատակներին: Նախ` պետք է գիտակցենք և գնահատենք այն փաստը, որ մինչև 2030 թվականը 17 ԿԶՆ-ներին հասնելու ռիսկերը տարեցտարի ավելանում են` պայմանավորված աշխարհաքաղաքական տուրբուլենտությամբ և գլոբալ անվտանգության ճարտարապետության խաթարմամբ:
Առողջ բանականությունը պետք է դրսևորվի այն գիտակցմամբ, որ կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է, և պետք է անդադար նոր լուծումներ գտնենք, որոնք առկա ռեսուրսներն առավելագույնս օպտիմալ կօգտագործեն և կընդլայնեն մեր գործընկերությունն ու համագործակցությունը:
Ինչ վերաբերում է տվյալ ժամանակահատվածում ԿԶՆ-ների տեղայնացմանը, երբ ճանապարհի կեսն արդեն հետևում է, կառաջարկեի սկսել դրանց իրագործման նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ` նոր առաջադրանքներ-նոր լուծումներ: Նման մոտեցումը մեր աշխատանքին ռացիոնալություն կհաղորդի: Թույլ տվեք առաջարկել ԿԶՆ-ների հետագա տեղայնացման գործում ի գիտություն ընդունել հետևյալ նոր մոտեցումները.
* Մեր աշխատանքի միջանկյալ արդյունքների գույքագրում (inventorization) և համեմատական վերլուծություն մինչև 2015 թվականը մեր ունեցածի և ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներում այսօր եղածի միջև:
* ԿԶՆ-ների միջև առաջնահերթությունների սահմանում (prioritization)` ընդգծելով առավել անկայուն կամ դժվար հասանելիները և ցուցակագրելով նրանք, որոնք առավել համապատասխան և կարևոր են ազգային ու տեղական մակարդակում` հաշվի առնելով առկա ռեսուրսների շրջանակը և սահմանափակ ժամանակը:
* Համաժամանակեցումը (synchronization)` որպես համալիր միջոցառում համագործակցության ուղղահայաց և հորիզոնական մակարդակներում ԿԶՆ-ներին հասնելու արդյունավետ և արձագանքող միջավայր ստեղծելու համար:
Միևնույն ժամանակ, ԿԶՆ-ների առավել արդյունավետ և օպտիմալ տեղայնացման նպատակով կառաջարկեի դիտարկել աշխատանքի և համագործակցության այնպիսի մեխանիզմների ներուժը, ինչպիսիք են`
* Խորհրդակցական (deliberative) ժողովրդավարությունը
* Լավ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները
* Կառավարման բազմաստիճան համակարգը
* Անդրսահմանային համագործակցությունը
* Թվային և կանաչ հանրային կառավարումը:
ԿԶՆ-ների առավել խոր և արդյունավետ տեղայնացման համար կարող ենք դիտարկել կառավարման բազմաստիճան այնպիսի համակարգի մշակումն ու իրականացումը, որը կներառի հետևյալ գործառույթները` համակարգում, ռացիոնալացում, խորհրդատվություն և հավասարեցում:
Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի աշխատանքային խումբը ենթադրում է, որ կառավարման բազմաստիճան համակարգը, որի հիմքում ընդունված որոշումների և առաջարկությունների օգտակարության նախադրյալն է, պետք է հետևյալ բնութագրերն ունենա.
– Յուրաքանչյուր մակարդակի համապատասխան դերերի, գործառույթների, իրավասությունների և գործունեության պատշաճ կերպով հաշվի առնելը, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանքի սկզբունք:
– Այն նպատակ ունի որոշել ճիշտ ոլորտը, որի վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն, և տնտեսական խնդիրների վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու ճիշտ մակարդակը` միաժամանակ պահպանելով համապատասխան ինքնությունները, ինչը, ըստ էության, փոխլրացման սկզբունքն է:
– Այն հիմնված պետք է լինի հարգանքի, արդար երկխոսության, թափանցիկության և վստահության վրա, որը փոխըմբռնման սկզբունքն է:
Եզրափակելով խոսքս` թույլ տվեք նշել այն հիմնական նախապայմանները, որոնք հաջողությամբ կարող են պսակել մեր աշխատանքը: Մենք պետք է`
Պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք: Արմատավորենք հանրային բարիքների հավասար և արդար բաշխման ու կառավարման սկզբունքները` որպես հասարակության մեջ վստահության ապահովման հիմնական գործոն:
Ապահովենք որակյալ կրթության առկայությունը և դրա հասանելիությունը` որպես անկախ, ինքնաբավ, ակտիվ և սկզբունքային քաղաքացի ունենալու առանցքային պայման:
Համակողմանիորեն ձգտենք վերականգնել և պահպանել անվտանգ, առողջ, մաքուր և կայուն շրջակա միջավայր: Եվ վերջապես, մենք պետք է հնարավորինս մոբիլիզացնենք երիտասարդների դրական և ստեղծագործ էներգիան, հավաքագրենք և ամենաակտիվ կերպով ներգրավենք նրանց` աշխարհում գլոբալ վերափոխումների ձևավորման գործում:
Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Արմեն Գևորգյանը: