Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է քննարկվել ԶՈւ ղեկավար կազմի հետ

Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է քննարկվել ԶՈւ ղեկավար կազմի հետ

ԳՇ պետը դիվանագիտական և քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում, և դա քաղաքական իշխանության բացթողումներից է։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ փակ քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սեյրան Օհանյանը:

«Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ 3 ժամ և մի քիչ էլ ավելի: Այդ քննարկումների ընթացքում իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, նաև պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերում են ուժային կառույցներին, զինված ուժերին և այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների, և մեր պատրաստության վերաբերյալ»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը շեշտեց՝ ՀՀ-ն և Արցախը իրար հետ կապող միջանցքի շրջանակներում է տեղի ունեցել Տեղի սահմանի սադրանքը, և, քանի որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, Օհանյանի խոսքով, ԳՇ պետը շատ հարցերի չէր տիրապետում:

«Բացթողումները վերաբերում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք որ պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջև: Մենք պետք է այդ խնդիրներին վերաբերենք չափազանց լուրջ, դիրքերի զբաղեցումը, պաշտպանությունը և այլնը պետք է տեղի ունենա այն շահերից ելնելով, որը բխում է հայկական կողմից»,- ասաց նա:

Հարցին՝ այդ հանդիպման ընթացքում հայտնի՞ դարձավ, թե ում բացթողումն էր, Օհանյանն ասաց, որ քաղաքական իշխանությունը պետք է կազմակերպեր համագործակցություն, առաջընթացով աշխատանք և լուրջ նախապատրաստություն. «Մերոնք ուշացել են, դրա համար հակառակորդը զբաղեցրել է այն հատվածով, որտեղ ԱԱԾ-ն է խնդիրներ իրականացրել: Շատ քաղաքական հարցեր, բանակցություններին վերաբերող խնդիրների պատասխանները քաղաքական իշխանության խնդիրն է, ոչ թե զինվորականների»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տրվել են հանձնարարականներ, սակայն թերացումներ են եղել, Օհանյանն ասաց, որ այժմ անցկացվում է ծառայողական քննություն:

«Քննության արդյունքով իրենք այդ պատասխանները կտան և կներկայացնեն հանրությանը: Երբ իրենք չեն ասում, թե որոնք են թերությունները, առանց ծառայողական քննության միանգամից պաշտոնյաներին հանում են, դա նշանակում է, որ ղեկավարությունը նորից հանդես է գալիս դատավորի դիրքում և ինքնուրույն որոշումեր կայացնում՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրելու»,-ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published.