«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը պատերազմ է բերել մեզ, հայրենազրկում, զոհեր։
«Այս ամբողջ պատասխանատվությունն իրենց ուսերին է, որևէ մեկին իրավունք չունեն մեղադրել։ Հայկական Կիրանցը բաժանվում է երկու մասի, որտեղ մի քանի օրից կկանգնի ադրբեջանցի զինվորը։ Ո՞վ է դրա պատասխանատուն։ Իշխանությունները»,- ասաց Գ.Դանիելյանը։
Նա նշեց, որ ժողովուրդն արթանում է, ոչ մեկ այլևս իշխանությանը չի լսում։
«Իրենք վախերից երեք տեղ ճանապահ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին։ Ժողովուրդը գալիս է տարբեր տեղերից ու ասում, որ ճանապարհ են փակել։ Սրանք վախերի ու սարսափի մեջ են»,- ասաց քայլերթի մասնակից պատգամավորը։
Նա նշեց, որ իրենց միանում են տարբեր շրջաններից, տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքացիներ՝ կանգնելով իրենց պետության, պետականության կողքին։