Այսօր ամենատարածված ու ներկայանալու համար ամենահարմար եղանակը «արդարություն, օրենքի առջև հավասարություն, արտոնյալների վերացում» և նմանօրինակ հայտարարություններով հանդես գալն է: Այն ունի հանրային մեծ պահանջարկ և բազմաթիվ սպասավորներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նշել է. «Ես հրապարակային խոսքում մի քանի անգամ նշել եմ, հիմա կրկին շեշտում եմ, պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրաստ ենք և իրականում ձգտում ենք դրան:
Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ: Ավելի քան մեկ ամիս է, իրականացնում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պարտականությունները, այդ ընթացքում ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների և այդ հանդիպումների ընթացքում հաճախակի եմ առնչվել իրենց օգտին բացառություններ անելու, օրենքը շրջանցելու կամ ըստ հարմարավետության կիրառելու, առանց հիմնավորման պետական աջակցություն ստանալու և նմանօրինակ այլ դիմումների, խնդրանքների ու առաջարկների:
Յուրաքանչյուր անգամ իմ կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ ու գնահատականներ, բայց ժամանակը խնայելու և այն առավել օգտակար նպատակի ծառայեցնելու համար ուզում եմ հայտարարել, որ անիմաստ են վերը նշված շարժառիթներով ու նպատակներով անձամբ կամ միջնորդի միջոցով ինձ դիմելու փորձերը, դրանք արժանանալու են բացասական պատասխանի»։