Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի, «Սևան» ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական մուտքերի հետ կապված հարցերին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաշվետվության ներկայացման ժամանակ վարչապետին են ներկայացվել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումները։
Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։
Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը: «Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,- ասել է վարչապետը: