ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին վերաբերող հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա շեշտեց, որ այդ խնդիրը պետք է չլիներ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հարցն ընդգրկված է, սակայն Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները։
«Մենք պետք է հետևողականորեն ջանքեր գործադրենք և՛ կառավարական, և՛ խորհրդարանական հարթակներում, և՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծելու համար։ Կարող եմ ասել մի բան, քանի տղաները չեն վերադարձել, մենք մեր աշխատանքը չենք հաջողել»,– ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որպեսզի գերեվարված անձանց ընտանիքների հոգսերը որևէ կերպ թեթևացնի։