Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում

Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը, ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր առմամբ 26 հաղորդում, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ:  ԿԸՀ կայացած ասուլիսում ասաց ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյան:

Նրա խոսքով, հանցագործության մասին ստացված բոլոր ութ հաղորդումներն ուղարկվել են քննչական կոմիտե՝ քրեական վարույթ ձեռնարկելու հարցը քննարկելու համար: Դրանիցից յոթով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ մեկով կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն, որի օրինականությունը ստուգվել է հսկող դատախազի կողմից:

Ստուգման ենթական 19 հաղորդումներից երկուսն առերևույթ հանցագործության և այլ իրավախախտման հատկանիշներ չպարունակելու հիմքով թողնվել է անհետևանք, իսկ 17-ով դեռևս կատարվում են ստուգումներ:

«Եթե ներկայացնենք տվյալ հանցագործության վերաբերյալ հաղորդումներն ըստ Քրեական օրենսգրքի, ապա դրանցից չորսը եղել է քարոզչությանը խոչընդոտելու դեպք, երկուսը՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք, մեկը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, մեկը՝ ընտրական իրավունքի խոչընդոտման դեպք է եղել»,- ասաց նա։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չեն ստացվել:

Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ սեպտեմբերի 17-ին ժամը 08։00-12:30-ի դրությամբ ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա երկու տեղեկություն, որից մեկը երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը՝ մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնաբերելու մասին,և երրորդ հաղորդումը ստացվել է անհայտ քաղաքացուց, որ ընտրական հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս ընտրության: Նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Leave a Reply

Your email address will not be published.