Քննարկել են Արդարադատության նախարարության և ԹՊԻՀ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքները

Քննարկել են Արդարադատության նախարարության և ԹՊԻՀ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքները

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել քրեակատարողական հիմնարկներում նախատեսվող բարեփոխումներին

Արդարադատության նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արդարադատության նախարարության և ԹՊԻՀ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքները, անդրադառնալով՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Պարեկային ծառայության ձևավորմանը, ոլորտում իրականացված համապատասխան վերապատրաստումներին և քրեական օրենսդրության բարեփոխումներին:

Երկկողմ համագործակցության համատեքստում միջազգային գործընկերներին է ներկայացվել Արդարադատության նախարարության տեսլականը քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում ի հայտ եկած պրակտիկ խնդիրների լուծման, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման վերաբերյալ:

ԹՊԻՀ գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցելու քրեակատարողական հիմնարկներում նախատեսվող բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել դատապարտյալների համար արդարադատության մատչելիությունը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բարձ են գնահատել նաև ԹՊԻՀ գրասենյակի աջակցությունն Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ կարողությունների զարգացման հարցում: Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ:

Leave a Reply

Your email address will not be published.