Ավտոբուսի վարորդը վեճի ժամանակ տրավմատիկ ատրճանակից կրակել է երկու ուղեւորների վրա։ Այս մասին հայտնում է «Պետերբուրգի Ռոսգվարդիա» Telegram-ի ալիքը։
«Գատչինի շրջանի Սիվերսկի գյուղի Վոկզալնայա փողոցում երկու ուղեւոր եւ ավտոբուսի վարորդը վիճել են ուղեվարձի համար: Այնուհետ բռունցքներով են միմյանց հարվածել։ Ավտոբուսի վարորդն իր տրավմատիկ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել խուլիգանների ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հարձակվողները կարողացել են խլել ատրճանակը եւ կրակել վարորդի վրա։ Դրանից հետո խուլիգանները «ԳԱԶ 3110» մակնիշի սեդանով դիմել են փախուստի։ Ռոսգվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են մեքենան, որով փախել են հարձակվողները։ Ավելի ուշ նրանք ձերբակալվել են։ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, հարձակվողները նույնպես՝ դեմքի եւ ոտքի վնասվածքներով։ Օգնություն ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին։