1909 թվականի այս օրը սկսվել է «Տիտանիկ» նավի կառուցումը. Մարտի 31-ը պատմության մեջ

1909 թվականի այս օրը սկսվել է «Տիտանիկ» նավի կառուցումը. Մարտի 31-ը պատմության մեջ

Այսօր մարտի 31-ն է, տարվա 90-րդ օրը։ Այս պահին տարվա ավարտին մնում է 275 օր։ Պատմության մեջ այս օրը տեղի են ունեցել  մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնք փոխել են պատմության ընթացքը։

Բաց TV-ն առանձնացրել է այդ հիշարժան իրադարձությունները՝ ամենահետաքրքիր փաստերով ու մանրամասներով։

1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։  Աշտարակի դիզայնի գաղափարն առաջացել է Մյորիս Կյորիզենի և Էմիլի Նուգիենի մոտ, իսկ կառույցը խորհրդանշում է Ֆրանսիական հեղափոխության 100-ամյակը։ Ի դեպ, Էյֆելյան աշտարակի ծրագիրը ժամանակին բազմաթիվ քննադատությունների պատճառ էր դարձել։ Շատերի կարծիքով աշտարակի տեսքը չէր համապատասխանում ճարտարապետության ժամանակակից չափանիշներին։ Օրինակ,  աշխարհահռչակ նովելիստ Գի դը Մոպասանն ամեն օր նախաճաշում էր Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում, քանզի այն միակ վայրն էր Փարիզում, որտեղից աշտարակը չէր երևում։ Մեր օրերում աշտարակն ամենուրեք համարվում է ճարտարապետության ցնցող մասնիկներից և զբոսաշրջային գլխավոր կենտրոններից մեկը։

1909 թվականի այս օրը սկսվում է «Տիտանիկ» նավի կառուցումը։ Շահագործման պահին այն համարվում էր աշխարհի ամենամեծ նավը։ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսում խորտակվեց աշխարհահռչակ «Տիտանիկը»։ Մինչ օրս շատերը չեն հավատում նավի խորտակման պաշտոնական վարկածին՝ ըստ որի, ողբերգությունը տեղի է ունեցել նավի՝ այսբերգի հետ բախման հետևանքով։ «Տիտանիկում» եղել է 6 հայ, որոնցից փրկվել են երկուսը։ Իսկ հիշում ե՞ք օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմի այն պահը, երբ երաժիշտները շարունակում էին նվագել, իսկ զբոսանավը խորտակվում էր։ Դա իրականում էլ այդպես էր, երաժիշտները նվագել են մի քանի ժամ շարունակ։ Ցավոք, նրանցից ոչ ոք չէր փրկվել։

1991 թվականի մարտի 31-ին էլ Վրաստանում ընտրողները քվեարկում են անկախության օգտին։

Մարտի 31-ը նշանավոր օր է նաև  ֆիլմաշխարհի համար։ 1999 թվականին մեծ էկրաններ է բարձրանում հանրահայտ «Մատրիցա» ֆիլմը՝ Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ։ Գլխավոր հերոսը Թոմաս Անդերսոնն է, ում կյանքը բաժանված է 2 մասի։ Ցերեկը նա սովորական աշխատակից է, իսկ գիշերն աշխատում է որպես հաքեր՝ Նեո անունով։ Եվ մի անգամ էլ Նեոն պարզում է, որ այն ամենը, ինչ իրեն շրջապատում է, պատրանք է, Մատրիցա, իսկ մարդիկ հանդիսանում են արհեստական բանականության աղբյուր, և միայն Նեոն է ի վիճակի այդ սարսափելի աշխարհում հասնելու հաղթանակի։

1596 թվականի հենց այս օրն է ծնվել ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս և ֆիզիկոս Ռենե Դեկարտը, ով մինչ այսօր ուսումնասիրվող իր աշխատությունների շնորհիվ երբեմն համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը։

Leave a Reply

Your email address will not be published.