Այսօր ստեղծվեց Gmail-ը. Ապրիլի 1-ը պատմության մեջ

Այսօր ստեղծվեց Gmail-ը. Ապրիլի 1-ը պատմության մեջ

Այսօր ապրիլի 1-ն է։ Օրը բոլորին հայտնի է որպես ծիծաղի համաշխարհային օր, իսկ Բաց TV-ն առանձնացրել է պատմության մեջ ապրիլի 1-ին տեղի ունեցած այլ  հիշարժան իրադարձությունները ևս։

2004 թվականի այս օրը Google որոնողական համակարգը ակտիվացրեց Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը, որն այժմ համարվում է նամակագրության ամենատարածված միջոցներից մեկը։

1930 թվականի ապրիլի 1-ին է ծնվել  հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։ Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։

1873 թվականի այս օրն է ծնվել նաև հանրահայտ ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովը։ Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Գրել է և փոքրածավալ ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ։ Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է։

Թռչունները նույնպես ունեն իրենց միջազգային օրը, և այո՛ այն նշվում է ապրիլի 1-ին։

Դե, իսկ, օրվա գլխավոր իրադարձությունը ծիծաղի համաշխարհային տոնն է։ Տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։

Leave a Reply

Your email address will not be published.