«Իրավունք» թերթը գրում է․ ««Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով նախնական տվյալներով տեղի հայկական դպրոցներում, եկեղեցիներում, այլ հաստատություններում այժմ երկրաշարժի վնասներն են հաշվարկում, բոլոր շենքերում փլուզումներ, ճաքած պատեր կան: Այժմ քաղաքում ո՛չ ջուր կա, ո՛չ հոսանք, նաեւ կապն է խնդիր»: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը` մանրամասնելով.
—Ինչպես հայերը, այնպես էլ տեղացիները ամբողջ գիշեր գիշերել են բացօթյա տարածքներում` կա՛մ բաց երկնքի տակ, կա՛մ վրաններում: Վախենում են տուն գնալ, չգիտեն, թե որ պահին ինչ ցնցումներ կլինեն: Ցնցումների հետեւանքով ավերվել են հարյուրավոր շենքեր, հստակ պատկերը այս պահին դժվար է ասել: Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում: Փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել: Մեծ վնասներ են կրել հատկապես Հալեպ ու Լաթաքիա քաղաքները, մարդիկ հիմնականում ապաստանում են հայկական եկեղեցիներում, մզկիթներում: Հայ երիտասարդները կամավոր կերպով լծվել են անօթեւաններին հացով-ջրով ապահովելուն: Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների տակ, հորդառատ անձրեւի տակ խուճապահար, անորոշ վիճակում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։