2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդությունից մահվան դեպքերը 6739 են

2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդությունից մահվան դեպքերը 6739 են

Հայաստանում 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739, որը կազմում է ընդհանուր մահերի 54.0%-ը, գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

 

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ սկսած 1999 թվականից ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր: Ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումների հիմնական նպատակն է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ հանրության ևս մեկ անգամ իրազեկումը: Այս տարի սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը գործողության համար»։ Այն ընդգծում է սրտի առողջության բարելավման ուղղությամբ իրական միջոցառումների ձեռնարկման կարևորությունը՝ սկսած առանձին անձանց իրազեկելուց մինչև ազգային մակարդակում ավելի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի մշակումը:

 

Սիրտանոթային հիվանդությունները (ՍԱՀ) սրտի և արյունատար անոթների հիվանդությունների խումբ է, որը ներառում է կորոնար (պսակաձև) անոթների հիվանդությունը՝ հանգեցնելով սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի անոթային հիվանդությունը՝ առաջացնելով կաթված, սրտի ռևմատիկ հիվանդությունը և այլ պաթոլոգիաները:

 

ԱՀԿ տվյալների համաձայն՝ ՍԱՀ-ը շարունակում են մնալ բնակչության մահացության և հաշմանդամության առաջնային պատճառը: Դրանց հետևանքով տարեկան մահանում է 17.9 միլիոն մարդ: Ընդ որում՝ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են ԱԱՀ-ից վաղաժամ մահվան դեպքերը: ՍԱՀ-ից զարգացած 5 մահվան դեպքերից 4-ը պայմանավորված է սրտամկանի ինֆարկտով (ՍԻ) և կաթվածով, որոնց մեկ երրորդը՝ մինչև 70 տարեկան անձանց շրջանում:

 

Չնայած վերջին չորս տասնամյակների ընթացքում աշխարհում զգալիորեն նվազել է ՍԻ հիվանդացությունը, դիտվել նաև մահացության մակարդակի նվազում՝ 6.1-7.6%-ով, սակայն սրտային անբավարարության (ՍԱ) տարածվածության և մահացության մակարդակները շարունակում են մնալ բարձր: Ներկայում ամբողջ աշխարհում սրտի իշեմիկ հիվանդությունը համարվում է բնակչության վաղաժամ մահացության առաջատար պատճառներից մեկը: Համաձայն ԱՀԿ վիճակագրական տվյալների` ամբողջ աշխարհում ՍԻ-ի տարածվածությունը կազմում է շուրջ 23.3%: Հետազոտության տվյալները փաստում են, որ չախտորոշված ՍԻ-ի տարածվածությունը կազմում է մոտ 26.9%: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 50 տարեկան անձանց շրջանում, տղամարդկանց մոտ՝ հատկապես երիտասարդ տարիքում, գերակշռում է՝ համեմատած կանանց հետ: Չնայած դաշտանադադարից հետո հիվանդության հաճախականությունը կանանց շրջանում գրեթե հավասարվում է տղամարդկանց:

 

Մահացության կառուցվածքի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի տվյալները համադրելի են միջազգային ցուցանիշների հետ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739, որը կազմում է ընդհանուր մահերի 54.0%-ը:

 

Բժշկական հանրությունը միակարծիք է, որ առողջ ապրելակերպը սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմքն է։ Այն ենթադրում է բալանսավորված սննդակարգ, վնասակար սովորություններից (ալկոհոլի չարաշահում, ծխախոտի օգտագործում) հրաժարում, բավարար ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև կանխարգելիչ հետազոտություններ՝ ոչ վարակիչ հիվանդությունների վաղաժամ ախտորոշման նպատակով։ Բացի այդ, սիրտանոթային հիվանդությունների կանխարգելումը ներառում է մի շարք ցուցանիշների կանոնավոր հսկողություն, ինչպիսիք են մարմնի զանգվածի ցուցանիշը, արյան զարկերակային ճնշումը, արյան խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը:

 

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սիրտանոթային հիվանդությունների առնվազն 80%-ը հնարավոր է կանխել հիմնական ռիսկի գործոնների հսկողության միջոցով՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ոչ առողջ սննդակարգ և անբավարար ֆիզիկական ակտիվություն:

 

Կարևոր է նշել, որ Հայաստանում ՍԱՀ-ի զարգացմանը նպաստող գրեթե բոլոր ռիսկի գործոնների տարածվածությունը շարունակում են մնալ բարձր.

 

Ծխախոտի օգտագործումը դեռևս լուրջ խնդիր է Հայաստանում: 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների համաձայն՝ ծխող են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ միայն 2%-ը: Հայաստանում բարձր է երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվողների թիվը: STEPS հարցման տվյալների համաձայն՝ կանանց 54%-ը և տղամարդկանց 58%-ը ենթարկվում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ կանանց 21%-ը և տղամարդկանց 32%-ը՝ աշխատավայրում:

 

Թեև ներկայում ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում խիստ բարձր չէ, այնուամենայնիվ տղամարդկանց 46%-ը, իսկ կանանց 22%-ը օգտագործում են ալկոհոլային խմիչքներ:

 

STEP հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 21%-ը թերակտիվ է, այսինքն՝ չի իրականացնում ԱՀԿ-ի կողմից սահմանած ֆիզիկական ակտիվության պահանջը՝ շաբաթական առնվազն 150 րոպե միջին ֆիզիկական ակտիվության ապահովում:

 

Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի օրական օգտագործումը չպետք է գերազանցի 5 գրամը, մինչդեռ Հայաստանում աղի սպառման ծավալները կրկնակի գերազանցում են նշված մակարդակը: 18-69 տարեկան բնակչության կողմից օրական սպառվում է միջինը 9.8 գրամ կերակրի աղ (11.0 գրամ` տղամարդկանց և 8.4 գրամ` կանանց կողմից):

 

Մետաբոլիկ գործոնների տարածվածության բարձր մակարդակները, ինչպիսիք են` զարկերակային գերճնշումը, մարմնի զանգվածի բարձր գործակիցը և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, էականորեն մեծացնում են սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

 

Համաձայն STEPS-ի կողմից իրականացված ֆիզիկական չափումների արդյունքների` Հայաստանի չափահաս բնակչության 48%-ը ունի հավելյալ քաշ, իսկ 20%-ի մոտ առկա է ճարպակալում: 18-69 տարեկան բնակչության 38%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում, 24%-ի մոտ բարձր է արյան մեջ խոլեսթերինի ընդհանուր մակարդակը, իսկ 6%-ի մոտ` բարձր է արյան մեջ գլուկոզայի մակարդակը: Ընդ որում, այս ռիսկի գործոնները հավասարաչափ տարածված են երկու սեռերի մոտ:

 

Անառողջ կենսակերպը, որը հանգեցնում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման, սովորաբար ձևավորվում է մանկական և պատանեկան տարիքում, իսկ տարիքին զուգընթաց սիրտանոթային հիվանդությունների ռիսկը միայն բարձրանում է։ Ուստի կանխարգելումը պետք է սկսել հենց մանկությունից։ Բացի առողջ կենսակերպից, ժամանակակից հասարակության շրջանում անհրաժեշտ է զարգացնել նաև առողջության մշակույթ, որը ներառում է ինչպես հիվանդությունների և դրանց զարգացման ռիսկի գործոնների վաղ հայտնաբերման համար պարբերական բժշկական հսկողությունը, այնպես էլ սթրեսի հաղթահարման հմտությունները։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.