Ես աշխարհազորային եմ, ամսի 27-ին գնալու էի սահման, ունեմ 4 երեխա, վարձով եմ ապրում 2011 թվականից. Հիմա հնարավորություն չունեմ վարձով ապրելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ 6 ամիս է, որ բնակություն է հաստատել ՊՆ նախկին շենքում:
«Եթե դու գիտես, որ շենքը վթարային է, դու քո ընտանիքը կբերե՞ս, եթե պայման ունենաս: Չես բերի: Գիշերը երեխաների հետ անցկացրել ենք այստեղ, դրսում: Հիմա մի քիչ տաքացել է, գնացել են քնելու: 14 օր պոստ եմ պահել, 14 հազար դրամ փող եմ ստացել, 120 հազար դրամ վարձ որտեղի՞ց տամ:
Ես երեկ երեխայիս տարել եմ դպրոց, հետ եմ եկել, չեմ կարողացել տուն մտնեմ, բռնել են, տարել են բաժին: Բաժնից եկել եմ, գիշերը էստեղ եմ մնացել: Առավոտյան բարձրացել եմ իմ տուն, տեսել եմ դուռը ջարդած, գործիքներս չկա: Նվեր ունեի պատից կախած՝ չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ բնակիչ կանանցից մեկը եկել է իր տուն, տեսել է, որ ոստիկանները իր տեղերի վրա պառկած են:
«Ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի»,-ասաց նա:
Քաղաքացիները նշեցին՝ ոստիկանները շատ անբարո ձևով են վարվել կանանց հետ:
Շենքի բնակիչներից մեկը, որը նաև աշխարհազորային է, նշեց՝ փետրվարի 27-ին պետք է գնա դիրքեր, ինչպես գնա, երբ իր երեխան դրսում է. «Եթե չունեմ տուն, ուրեմն չունեմ դիրք, չունեմ սահման: Ես 4 երեխա ունեմ, 26 օր դիրք եմ պահել, 14 հազար դրամ եմ ստացել, չեկը նկարել, ուղարկել եմ հրամանատարիս»:
Դիտարկմանը՝ ինչու է վարձավճարն այդքան քիչ, պատասխանում է՝ «ինչ իմանամ»:
«Երեք պատերազմ եմ անցել, հիմա տուն չունեմ, էլ ինչ սահման գնամ, ինչի համար գնամ»,- ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ շարունակեց. «Ես ունեմ 10 ամսական աղջիկ երեխա, պոստ եմ պահում, իսկ իմ երեխան քնած է այնտեղ՝ շան տեղը: Էս պահին կնոջս հետ երեխային ուղարկել եմ տուն, վարձով եմ ապրում: Նիկոլը Սպայկայի ֆուռերով թուրքերին է օգնում, Ղարաբաղին չի օգնում»:
Մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ որդիները Ռուսաստանում են տուն չունենալու պատճառով, բայց որ րոպեին մի անկյուն ունենան, կգան, պատերազմի մասնակից են:
Նա առաջարկեց կամ ՊՆ նախկին շենքում բնակվողներին տեղավորել որեւէ տեղ, կամ իշխանավորները թող գան իրենց հետ այս ցրտին մեկ գիշեր մնան. «Մեզ առաջարկել են բանալիներ, որը հասցե չունի: Եկել, մի 10 հոգու ասել են՝ ձեզ տեղավորում ենք, որ փոքր երեխաները դրսում չմնան: Բանալիները տվել են, հասցեն տվել են, հանրապետությունում տենց հասցե գոյություն չունի»,-ասաց նա:
Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Փետրվարի 16-ի առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս ենհանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:
Երեկ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։