ԱԺ-ում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև

ԱԺ-ում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև

Խորհրդարանում այսօր քննչական գործողություններ են կատարվել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, որոնք մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց` առերեսումներ անցկացնելու հարցում որևէ տարօրինակ բան չկա, սովորաբար առերեսումներ են արվում ճշմարտությունը պարզելու համար։
Նշենք՝ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել էր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։
Ռուբեն Մելիքյանի խոսքով` իհարկե վտանգ կա, որ քննության ընթացքում կարող են օբյեկտիվ իրականությունից շեղվող քայլեր արվել։
«Բոլորս գիտենք, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ քաղաքական իշխանության վերահսկողության տակ են։ Բայց ես հույս ունեմ, որ իրավապահ մարմիններում, ի տարբերություն քաղաքական դաշտի, աշխատում են մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական արժանապատվություն, և հույս ունեմ, որ այդ մասնագիտական արժանապատվությունը կգերիշխի, կգերակայի մնացած ամեն ինչին»,– նշեց Ռուբեն Մելիքյանը։
Որպես Սահակյանի պաշտպան` Մելիքյանը շեշտեց, որ մնում են իրենց կարծիքին` վնասը հասցվել է իրավաչափության պայմաններում, այսինքն` ինքնապաշտպանության նկատառումներով։
«Մենք կտրականապես դեմ ենք խուլիգանության հանցակազմին, որովհետև Մհեր Սահակյանը խուլիգանություն չի արել։ Ավելի քան դեմ ենք ծանրացնող հանգամանքներին, այս դեպքում` առարկա օգտագործելու վարկածին»,– նշեց Մելիքյանը։
Ավելի վաղ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Նրա խոսքով` այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։
Աշխատանքից ուշացել էի, վազել եմ միջանցքով, այդ կադրերն են օգտագործել. Մհեր Սահակյան

Leave a Reply

Your email address will not be published.