«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն օրերս հաստատեց Politico պարբերականի այն հոդվածը, ըստ որի, ԵՄ-ն ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանին տեղեկատվություն է փոխանցում: ԵՄ պաշտոնյան նշվածը բնական երևույթ էր որակել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ դիտորդներն այլ գործառույթներ ունեն այստեղ, որի մասին ՌԴ պատկան կառույցների ղեկավարները պարբերաբար բարձրաձայնում են:
«Նրանք հետախուզական աշխատանք են կատարում: Ավելին՝ իրենց կատարած աշխատանքի արդյունքների մեկ օրինակը մեր պատկան կառույցներ գնալու փոխարեն գնում է Ադրբեջան: Արդյո՞ք նրանք այն դիտորդներն են, որոնք եկել են սահմանին խաղաղություն ապահովելու համար: Ի դեպ, ՀԱՊԿ-ը վերջին 15 օրվա ընթացքում տարբեր հայտարարություններ է անում, ՌԴ փոխնախարարի մակարդակով հայտարարվեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստան դիտորդներ բերելու պատրաստակամություն ունի: Խոսվեց նաև զորավարժություններ անելու, անվտանգությունն ուժեղացնելու մասին, միաժամանակ շեշտվեց, որ Հայաստանը պարզապես ցանկություն չունի ստորագրել առաջարկվող փաստաթուղթը:
Սա չի՞ բխում արդյոք այն տրամաբանությունից, որ Հայաստանի օրվա իշխանությունները լծվել են Արևմուտքի շահերը սպասարկելուն, իսկ ՀԱՊԿ-ի ներկայությունը ՀՀ տարբեր ուղղություններում դեմ է այդ շահերին»,-ասաց Հ. Նահապետյանը: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի խոսքով էլ, ԵՄ դիտորդների գործունեությունը գնահատելու համար նախ այն պետք է հասկանալի լինի: «Կա զինված կոնֆլիկտ կամ պատերազմ, բայց այդ առաքելության ներկայացուցիչները միջամտության որևէ մանդատ չունեն, ինչի մասին հայտարարված է անգամ առաքելության նպատակներում: Զուտ նայում են, թե ինչպես է Ադրբեջանը խախտում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Ուղիղ իմաստով այս առաքելությունը մեզ ոչինչ չի տալիս: Իսկ եթե այս ամենին գումարում ենք նաև Տոյվո Կլաարի հայտարարությունը, ըստ որի, տեղեկությունը փոխանցում են Ադրբեջանին, այս համատեքստում էլ ի՞նչ կարելի է ակնկալել այդ առաքելությունից, ոչինչ: Իմ կարծիքով՝ սա քայլ առաջ է՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու իմաստով»,-ասաց Ռ. Նազարյանը:
Մանրամասներն ՝ այստեղ