ԱԺ կողմից Պետգույքի կոմիտեին փոխանցած «Չայկա» ավտոմեքենաները չեն վաճառվել․ Մանրամասներ

ԱԺ կողմից Պետգույքի կոմիտեին փոխանցած «Չայկա» ավտոմեքենաները չեն վաճառվել․ Մանրամասներ

Aysor.am-ի տվյալներով Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում առկա 3 հատ «Չայկա» մակնիշի ավտոմեքենաների շուկայական արժեքի գնահատում դեռևս չի իրականացվել։

Հիշեցնենք՝ 2018 թ. մարտին Ազգային ժողովն իր  հաշվեկշռում եղած 3 հատ «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները փոխանցել էր պետական գույքի կառավարման վարչությանը։ Մամուլում հրապարակումներ էին եղել, որ դրանք հայտնվել են գեներալ Մանվել Գրիգորյանի ավտոտնակում, ինչը, սակայն, պետգույքի կառավարման կոմիտեից հերքել էին՝ հայտնելով, որ Գրիգորյանի ավտոտնակում հայտնաբերված մեքենաները այս մեքենաների հետ կապ չունեն:

«Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութատեխնիկական միջոցների պահպանման ստորաբաժանման տարածքում են գտնվում «Չայկա» տրանսպորտային միջոցներից երկուսը՝ ԳԱԶ 13 CHAYKA (պետհամարանիշը 058 HH 01, 1971թ.) և ԳԱԶ 14-02 CHAYKA (պետհամարանիշը 059 HH 01, 1982թ.) տրանսպորտային միջոցները, իսկ երրորդ՝ ԳԱԶ 14 CHAYKA (պետհամարանիշը 061 HH 01, 1983թ.) տրանսպորտային միջոցը 05.03.2021թ. հանձնվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին։

Վերոնշյալ 3 միավոր տրանսպորտային միջոցների շուկայական արժեքի գնահատում չի իրականացվել», – հայտնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը։

Կոմիտեից տեղեկացրին նաև, որ ԳԱԶ 14 CHAYKA ավտոմեքենան Կարեն Դեմիրճյանի ծառայողական մեքենան է եղել, տեղափոխվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ որպեսզի որպես ցուցանմուշ ներկայացված լինի։ Մեքենան պետգույքի կոմիտեի բալանսում է, սակայն ամրացված է մարզահամերգային համալիրին։

«Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեքենան վերանորոգել է և այն այժմ որպես ցուցանմուշ ներկայացված է համալիրում», – հայտնեցին պետգույքի կառավարման կոմիտեից։

 

Leave a Reply

Your email address will not be published.