Փաշինյանը վստահեցնում է, որ անում է ամեն ինչ, որ բանակցային սենյակներում կատարվողը ժողովրդից չթաքցվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է` Վարդան Օսկանյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է իրեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը` վարչապետը։
«Վարդան Օսկանյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո փորձել է հանդիպել ինձ հետ, բայց չի՞ ստացվել։ Ես ասում եմ՝ 44-օրյա պատերազմից հետո նա հանդիպել է ինձ հետ»,–ասաց նա։
Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել էր, որ պատերազմից հետո հանդիպել և նոր ստեղծված իրավիճակում որոշ առաջարկներ արել է Նիկոլ Փաշինյանին։
Դիտարկմանը, որ նախկին արտգործնախախարը դեռևս 2018 թվականին իրեն փորձել է առաջարկներ ներկայացնել Արցախի խնդրի կարգավորման շուրջ, Փաշինյանն արձագանքեց.
«Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»:
Փաշինյանը ընդգծեց, որ իր ակնկալիքն է ֆունդամենտալ խնդիրներին անդրադառնալ:
«Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից, փորձում եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը, լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- նշեց նա:
Նյութն ՝ այստեղ