Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով, ազատ կարձակվի։
«Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի որոշումը. Գևորգ Սիմոնյանը շուտով ազատության մեջ կլինի», – Aysor.am-ին ասել է Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը նույնպես կալանավորվել էր, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորված են նաև մի շարք այլ անձիք։
Հիշեցնենք, որ «Քովիդ»-ի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: