2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության զոհած հերոս տղաներից մի քանիսը ծնվել են հենց այս օրը ՝ ապրիլի 29-ին։
Դավիթ Անդրանիկի Դավթյան
Դավիթը զորակոչվել է բանակ 2020 թ․ հուլիսի 29-ին: 20 օր հետո իրեն տարել են մարտի դաշտ: Վերջին անգամ Դավիթը տուն զանգահարել է հոկտեմբերի 5-ին: Ասել, որ իրենց տանում են երկրորդ գիծ, բայց իրականում Դավիթն առաջնագծում է եղել: Հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլում՝ եկեղեցու շրջակայքում, իրենք հարձակողական գործողություն են արել, վերադարձրել են թշնամու կողմից գրավված տարածքը, որից հետո թշնամին սկսել է հրետանիով խփել ։ Իրենք այդ ժամանակ նահանջի հրաման են ստացել: Ուսումնական վաշտից բոլորը վերադարձել են՝ բացի Դավիթից:
Սարգսյան Սոս Արմենի
Սոսը ծնվել է 2000 թվականին , Տավուշի մարզի Պռավաքար գյուղում։ Զորակոչվելով բանակ զինվորական ծառայության է անցել Արցախի հանրապետությունում։ Պատերազմի օրերին եղել է ժամկետային զինծառայող ։ Պատերազմի առաջին օրվանից հայրենիքի հանդեպ ունեցած սերը ստիպել է հերոսին զենք վերցնել ձեռքն ու պաշտպանել հայրենի երկրի սահմանները կյանքի գնով։ Մասնակցել է Մարտունիում մղվող մարտերին և 2020 թվականի հոկտեմբերի 14-ին հերոսաբար ընկել հանուն հայրենիքի ազատության։
Մկրտչյան Լևոն Վարդանի
Լևոնը ծնվել է 2001 թվականին ՝ Երևանում։ Տասնիննամյա Լեւոն Մկրտչյանը ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգել է մորը, շնչակտուր, վազքի ընթացքում է խոսել, ասել, որ զորավարժություններ են անում, անհանգստանալու ոչինչ չկա: Հետո պարզվել է որ հենց սկզբից առաջնագծում է եղել, պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Վարանդա։ Մինչև վերջին շունչը քաջալերել է ծառայակից ընկերներին , հոկտեմբերի 15-ին ընկել է քաջի մահով։ Եվ միայն դեկտեմբերի 12-ին հայտնաբերվել են Լեւոնի փաստաթղթերը եւ աճյունը։ Հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
Զարգարյան Արթուր Համբարձումի
Արթուրը ծնվել է 1994 թվականին Արցախում՝ Մարտունու շրջանի, Բերդաշեն գյուղում։ Ծառայել է 3-րդ պաշտպանական շրջանում, եղել է նռնականետորդ։ Մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային։ 2020 թվականին հոկտեմբերի 11-ին 7-րդ վաշտի կազմում ՝ շտապել է Հադրութ հայրենի հողը պաշտպանելու։ Զինակից ընկերներին չլքելով կռվել է մինչև վերջին փամփուշտն ու արիաբար զոհվել շրջափակման մեջ։ Պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Բաբայան Կարեն Ռազմիկի
Ծնվել է 1984 թվականին ։ Պատերազմի ժամանակ եղել է սպայական կազմի զինծառայող։ Հայրենիքի անկախությունն ու ազատությունը իր կյանքից բարձր դասելով , մեկնել է սահման, եղել կրտսեր զինծառայողների կողքին , քաջալերել նրանց ու կռվել մինչև վերջին փամփուշտը։ Քաջի մահով ընկել է հոկտեմբերի 20-ին ։
Օթարյան Թաթուլ Մերուժանի
Ծնվել է 1986 թվականին։ Նրա մանկուց սիրել է զինվորականի կյանքը , երազել է հայրենիքին ծառայելու մասին։ Մանկության երազանքին հավատարիմ մնալով տարիներ անց նա դառնում է Ոստիկանության մայոր։ Գործընկերները ցավով ու ափսոսանքով են պատմում նրա մասին , նա լավ մարդ էր , լավ ընկեր , ավագ եղբայր։ Ամուսնացած էր , ուներ մեկ երեխա։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվել է և մեկնել Արցախ , եղբոր հետ։ Հայրենիքի մեծ նվիրյալը անմահացել է Շուշիում հոկտեմբերի 4-ին ։
Նիկոլյան Հարություն Արմենի
Հարությունը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Նա ծառայում էր Արցախի պաշտպանության բանակում։ Կոչումով կրտսեր սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրից մինչ զոհվելու օրը՝ նոյեմբերի 3-ը, Հարությունը հարազատներին ասել է, որ Ստեփանակերտում է, ապահով վայրում, դիրքեր չի գնում։
Այնինչ սեպտեմբերի 27-ից եղել է Հադրութում, Ջրականու, Վարանդայում ,Մարտունիում։ Վերջին անգամ զանգահարելիս՝ նոյեմբերի 3-ին, մայրը պայթյունի ձայներ է լսել, որդուն հարցրել է, թե ի՞նչ ձայներ են, Հարությունը հանգստացրել է մորն ու ասել, որ Ստեփանակերտում ինչ-որ գործարանի մոտ է և լսվող ձայները հաստոցների ձայներ են։ Հարությունը զոհվել է նոյեմբերի 3-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դիրքերում։
Աբազյան Գոռ Արշալույսի
Գոռը ծնվել է 2001 թվականին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։ Ծառայության էր անցել Արցախի հանրապետությունում ։ Հետախույզ-գնդացրորդ էր։ Գոռը սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգում է տուն, ասում որ՝ զանգել է խոսի հետները քանի որ կարող է այնպես ստացվի, որ էլ չկարողանա զանգել որովհետև կռիվ է սկսվել։ Գոռը պատերազմի հենց առաջին օրվանից մարտեր է մղել առաջնագծում, վերջին զանգը եղել է հոկտեմբերի 2-ին ։ Նա հերոսի մահով ընկել է Ջրականում մղվող մարտերում ՝ հոկտեմբերի 4-ին։
Նյութերը վերցված են ՝ ԵՌԱԲԼՈՒՐ․am-ից