«Իրավունք» թերթը գրում է. ««Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11.000 դասալիք՝ կամավոր, զինվորական եւ այլն»,- ասել է Աննա Հակոբյանը հանդիպումներից մեկի ժամանակ: Արդյոք վերը նշված հանցագործության մասին հաղորդումից հետո առաջին տիկինը հրավիրվե՞լ է գլխավոր դատախազություն՝ մանրամասներ հայտնելու պատկան մարմիններին, հարցի պատասխանը փորձել էինք գրավոր ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից մեզանից խնդրել էին 30-օրյա ժամկետ:
Եվ ահա 30 օրը չլրացած՝ ստացել ենք հետեւյալ հակիրճ պատասխանը. «Ձեր ուղարկած հարցման պատասխանն է՝ ոչ»:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարում է պետական մասշտաբի հանցագործության մասին, որը Հայաստանը հասցրել է պատերազմում պարտության: Ընդ որում, այդ պարտության պատճառները փորձում են պարզել բոլորը, այդ թվում՝ Նիկոլը: Եվ ահա փաստվեց՝ տիկին Աննային այդ բացահայտումից հետո չեն կանչել, որ նա իր ունեցած կարեւորագույն տվյալները հայտնի իրավապահներին, քանի որ նա դա ինքնակամ չի արել: Այս ամենից միայն նման հետեւությունների կարող ենք գալ.
Դատախազությունում մտածում են, որ Աննա Հակոբյանը «օդի մեջ» հայտարարություն է արել, ինչը ավելի հավանական տարբերակ է, եւ չարժե նրան հրավիրել: Սակայն այս դեպքում կստանանք, որ տիկին Աննան դիտավորությամբ զրպարտել է հազարավոր զինվորականների, որոնք կյանքի գնով երկիր են պաշտպանում: Բայց անգամ այդպես մտածելու դեպքում դատախազությունը պարտավոր էր նրան հրավիրել, պարզել, թե այդպե՞ս է, նաեւ, թե ի՞նչ նպատակով է զրպարտել բանակին: