Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Պեսկովի հայտարարությանը ասել է , որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները,
«Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր», – ասաց Սարգիս Խանդանյանը։
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում։
«Կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածությունները ընդհանրապես այլընտրանք չունեն», – ասել էր Պեսկովը։