Արցախից «ձեռքերը լվանալու» գործընթացը սկսված է

Արցախից «ձեռքերը լվանալու» գործընթացը սկսված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»:

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դա նորություն չպետք է լինի մեզ համար. «Տեսեք, ընդհանուր տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» կոնտեքստի մշակումը և դրանից առաջացող գործընթացները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա ընդհանուր համաձայնություն՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու: Դրա վառ վկայությունը մինչև վաշինգտոնյան հանդիպումը վերջին ամիսների ընթացքում բարձր մակարդակներում ՔՊ-ական  պատգամավորների կողմից հնչեցված հակաարցախյան հայտարարություններն են: Եվ դրանով պարզ էր, որ Արցախից «ձեռքերը լվանալու» գործընթացը սկսված է»:

Նրա խոսքով՝ որպեսզի այդ ամենը լեգիտիմացվեր, հարկավոր էր պաշտոնական դիրքորոշում հայտնել միջազգային հանրության մոտ, որ վերջիններս գտնում են, որ Արցախի մասով Հայաստանն այլևս որևէ պատասխանատվություն չունի:

«Եվ դրա համար «լավագույն» տարբերակը Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ կապն է կամ ուղիղ բանակցություններն են, այսպես ասած: Վաշինգտոնի հանդիպումից առաջ էլ Ալիևը բազմիցս խոսել է, որ պետք է Հայաստանը ճանաչի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև հրաժարվի Արցախից, քանի որ համարում են, որ այնտեղի քաղաքացիները Ադրբեջանի քաղաքացիներ են», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով, ըստ փորձագիտական դաշտի քննարկումների՝ կա փաստաթուղթ, որում առկա է մի կետ, որով Հայաստանն արդեն իսկ համաձայնություն տվել է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն:

«Ուղղակի Ալիևի հայտարարությունն ավելի շատ քաղաքական դաշտում և Կովկասում հասարակություններին մեսիջ ուղարկելն էր: Եվ կարելի է ասել, որ եթե Հայաստանում այդ թեմայով քաղաքական հարթակներում բանավեճ լինի, դա հնարավորություն կտա, որ այդ կետը անկաշկանդ և առանց վախենալու լինի սպասվելիք ստորագրվող փաստաթղթում», – նշեց Դավթյանը:

Ըստ ադրբեջանագետի, չնայած որ Հայաստանն արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց որպեսզի հետագայում չփոխի իր դիրքորոշումը, Ադրբեջանն իրեն ապահովագրում է. «Շատ հավանական է, որ փորձում է Հայաստանից կորզի այն բառակապակցությունը, որով Հայաստանի կառավարությունը կհայտարարի, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում: Որպեսզի հետագայում դա լինի ալիբի Ադրբեջանի ձեռքում»:

Հարցազրույցը ՝ Aysor.am-ի

Leave a Reply

Your email address will not be published.