Միջազգային հարթակներում չեն հավատում Ադրբեջանի թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ. Սարգիս Խանդանյան

Միջազգային հարթակներում չեն հավատում Ադրբեջանի թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ. Սարգիս Խանդանյան

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին Լաչինի միջանցքի  փակման մասին խոսել ու իրենց  մտահոգություններն են հայտնել  Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի ու Շվեդիայի պատգամավորները,  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի թեզին, որ հնչեցվում է միջազգային հարթակներում, թե Լաչինի միջանցքը փակ չէ, որևէ մեկը չի հավատում:

«Դա ակնհայտ է ու դրան է գումարվում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատեց խնդրի լրջությունը», – ասաց Խանդանյանը:
Նա վստահեցրեց՝ միջազգային հարթակներում հավատում ու լսում են Հայաստանի դիրքորոշումներին:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին՝ նա ասաց, թե Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները ու դրանք, մեծ հաշվով, տեղավորվում են ՀՀ ինքնիշխանության ու  անկախության պաշտպանության ներքո:

Թե կոնկրետ որ կետերի շուրջ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարող մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ Խանդանյանն ասաց, որ այդ մասին պետք է խոսեն բանակցողները:
«Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները, ու հույս ունենք, որ պահը շուտ կմոտենա, երբ հնարավորություն  կունենանք  Ադրբեջանի հետ կնքել խաղաղության համաձայնագիր», – նշեց նա:

ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը իր զորքերը հեռացնի ՀՀ օկուպացված տարածքներից:

Leave a Reply

Your email address will not be published.