1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար

1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար քաղաքապետարանի պահուստային ֆոնդից 1 մլրդ 100 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։

ԲՀԿ-ից Մարկոս Հարությունյանն ասաց՝ շատ լավ հասկանում ենք, թե ինչի համար այս քաղաքական ֆոնին որոշեցինք Աջափնյակ մետրոյի թեման քննարկեք, ապա հարցրեց՝ նոր կայարանը ե՞րբ է կառուցվելու, եւ ե՞րբ կարող են բնակիչներն օգտվել նոր կայարանից։ Նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ քաղաքապետը ընդմիջումից հետո կմիանա նիստին եւ մանրամասները կներկայացնի, իսկ կայարանի շահագործման հանձնելու ժամկետները կախված կլինեն շինարարական աշխատանքների ծավալից, հատկացված միջոցները կուղղվեն աշխատանքների առաջին փուլի ֆինանսավորմանը։

Նա ասաց, որ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման մրցույթը շահել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, խնդրել են, որպեսզի սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտեն։
Դեռ ապրիլի 28-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր՝ մտնում ենք մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլ, կառավարությունը մի քրեական գործով վնասի փոխհատուցման գումարը կուղղի այս ծրագրին։ Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը ավագանու նիստում այսօր նշեց՝ մրցույթին մասնակցել են ե՛ւ եվրոպական, ե՛ւ ռուսական ընկերություններ, որի արդյունքում համապատասխան մրցակցային գինն է ձեւավորվել․ «Գինը ձեւավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում, նորմալ գին է»։ Նա ասաց, որ Աջափնյակ կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմում է ընդհանուր 1 մլրդ 848մլն դրամ, մոտ 3,7մլն դոլար։ «Նախատեսվում է կառուցել շատ բարդ ինժեներական կառույց, որը նախագծելը տեւելու է մեկ տարուց ավելի։ Սա շինարարական եւ ինժեներական աշխատանքների ամենապատասխանատու եւ ամենածանր հատվածն է։

Նման գումարները նման մեծ ծրագրերի համար շատ չեն։ Շինարարության արժեքը կկարողանանք հստակ ասել նախագծից հետո։ Տարբեր գնահատականներով՝ շինարարության արժեքը 30-ից 100 մլն դոլար է։ Որպես միջինացված թիվ կարող եմ ասել, որ մետրոյի 1 կիլոմետր գիծ կառուցելու միջին արժեքն աշխարհում մոտ 100 մլն դոլար է՝ եթե մետրոն կառուցվում է թունելներով։ Խնդրում եմ չշահարկել գները, որովհետեւ գործում են բաց, թափանցիկ ընթացակարգեր եւ մեծ ենթակառուցվածքային պրոյեկտների մեջ գնային որեւէ խնդիր չի կարող առաջանալ, քանի որ մրցույթները լինում են միջազգային, եւ միջազգային բոլոր խոշոր ընկերությունները ուշադրություն են դարձնում նման պրոյեկտների վրա։ Այստեղ գերագնահատված շինարարության մասին խոսք չի կարող գնալ»։

Leave a Reply

Your email address will not be published.