2021-2022 թվականներին Ադրբեջանի կառավարությունը Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում աշխատանքների վրա ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար։ Այս մասին մարտի 2-ին Բաքվում Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես գրում է report.az-ը, նա ընդգծել է, որ այս տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել առնվազն 1,7 մլրդ ԱՄՆ դոլար:
«Մենք զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր՝ օգտագործելով ժամանակակից քաղաքաշինությունը և օգտագործելով «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հասկացությունները», – ասել է նա:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։