ՀՀ սահմանադրական տարածքը որևէ զիջման ենթակա չէ․ Երվանդ Թարվերդյան

ՀՀ սահմանադրական տարածքը որևէ զիջման ենթակա չէ․ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը գրում է․

«Մտահոգությամբ լսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բեռլինյան ասուլիսի այն հատվածը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նորանոր հավակնությունների և ՀՀ տարածքային ամբողջականությունը գործող սահմաններում չճանաչելու մտադրության մասին։ Թշնամի պետությունն ու նրա առաջնորդը որևէ դեպքում չեն կարող և չպետք է նման ախորժակ ունենան։

Նախ, Ադրբեջանը դեռևս շարունակում է զավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքից մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր՝ այդպիսով թիրախավորելով ՀՀ տասնյակ գյուղական բնակավայրեր և ճանապարհներ։ Բացի այդ, Բաքվի բանտերում են մեր տասնյակ ռազմագերիները։ Ի վերջո, Արցախի կյանքի ճանապարհն արդեն մոտ երեք ամիս է՝ փակ է, իսկ Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ երկխոսությունը, նույնիսկ ռուսական զորակազմի միջնորդությամբ, որևէ արդյունք չի կարող տալ, քանի դեռ պաշտոնական Երևանն այդ բանակցություններից անմասն է և չի ներկայացնում հայկական կողմերի շահերը։ Այս ամենին ավելացավ օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ Արցախի ոստիկանական հերթափոխի ժամանակ, երբ թշնամու դիվերսիոն գործողության հետևանքով զոհեր ունեցանք։

Ես և մեր քաղաքական թիմը համարում ենք, որ անհրաժեշտ է շատ հստակ և միարժեք կերպով դատապարտել Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունն ու քայլերը, Եվրամիությունից և ԱՄՆ-ից պահանջել անձնական պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի նկատմամբ, հնարավորության դեպքում բարձրացնել նաև Ադրբեջանին զենքի վաճառքը սահմանափակելու հարցը։ ՀՀ-ն չի կարող լուռ հետևել, թե ինչպես է Բաքուն խոսքով և գործով մոտեցնում Հայաստանի պետականության լուծարման շրջափուլը։

Ես բազմիցս եմ խոսել այն մասին, որ փաստացի պատերազմական պայմաններում հայրենական տնտեսությունը պետք է դրվի ռազմական ռելսերի վրա։ Ինքս համակողմանի օգնություն եմ ցուցաբերել վիրավոր Արցախին, և իբրև քաղաքական գործիչ ու գործարար՝ շարունակում եմ համարել, որ այսօր բոլորիս կարևորագույն, կենտրոնական խնդիրը հենց ոլորտային ռեսուրսների կենտրոնացումն է՝ թույլ չտալու թշնամու լկտիացումն ու սանձարձակ վարքը»։

Leave a Reply

Your email address will not be published.