Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ, մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի մեկնարկին շնորհակալություն է հայտնել դատախազներին երկարօրյա աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար` ընդգծելով, որ այդ աշխատանքի շնորհիվ է հասարակության համար տեսանելի և բովանդակային առումով ընկալելի դատախազական համակարգի գործունեությունը: «Դատախազությունը ստանձնել է լոկոմոտիվի դեր նոր Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում, սահմանել գործերի քննության նոր տեմպ. այդ թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել դատախազների ընտանիքին՝ կատարվող աշխատանքի կարևորությունն ընկալելու և ըմբռնումով մոտենալու համար:
Այնուհետև, գլխավոր դատախազի տեղակալները, ըստ ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը, շարժընթացը, խնդիրներն ու առաջարկվող լուծումները:
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2022 թվականին կոռուպցիոն ավարտված գործերով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 212 մլն 270 հազար 175 դրամ (2021 թվականին՝ 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ): 2022 թվականին վերականգնվել է 872 մլն 275 հազար 480 դրամը (2021թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ):
Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը):
Մանրամասները ՝ այստեղ