Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը

Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը

Փաստ Ինֆոյի տվյալներով պարզ են դարձել  Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»,- գրել է Նորիկյանը։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու գտնվում է հիվանդանոցում։ Տուժող կողմը հայտարարել է, որ չի վստահում պաշտոնական վարկածին ու սկսել են սեփական հետաքննությունն իրականացնել։

Leave a Reply

Your email address will not be published.