ՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով. իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների, շեշտադրումների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:«ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ ըստ որի Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,-ներկայացրեց Թևանյանը:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարությունում նշել է նաև, որ վկայակոչելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը և 2023-ի փետրվարի 18-ի Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի միջանցքի կարգավիճակին վերաբերող կարգավորումները և դիմել ագրեսիվ գործողությունների: «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն , որը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,-ներկայացրեց պատգամավորը:
Հայտարարության նախագիծը կոչ է անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար: Այն կոչ է անում նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջացքին վերաբերող Հաագայի դատարանի որոշումը: Հայտարարությունը նաև շեշտում է, որ ՀՀ-ն տեր է կանգնելու Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը:
Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ