ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Պարոն Քյարամյանը շնորհավորել է տիկին Քվինին Դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ: Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել նախընթաց շրջանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ոլորտային բարեփոխումների և հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ներուժի զարգացման գործում։ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ համագործակցության արդյունավետությունն արտացոլվել է անդրազգային բնույթ ունեցող և տեխնոլոգիական զարգացման շնորհիվ առավել բարդ դրսևորումներ ստացող հանցատեսակներով բացահայտումների քանակական աճով, իսկ պայքարի արդյունավետ նոր մեթոդների յուրացումը, տեխնիկա-տեխնոլոգիական հագեցվածության շարունակումը նպաստում են ավելի շոշափելի ձեռքբերումներին։
Այս առումով Արգիշտի Քյարամյանն ընդգծել է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման առումով առանցքային նշանակություն ունեցող համակարգչատեխնիկական լաբորատորիայի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում։ 2022թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բյուրոյի (INL) ֆինանսավորմամբ այն համալրվել է տվյալ ոլորտում ամենաարդիական ծրագրային ապահովումներով, գերհզոր սերվերային և այլ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ընդլայնել լաբորատորիայի գործառույթները։ Իր հագեցվածության մակարդակով այն չի զիջում տարածաշրջանային լավագույն լաբորատորիաներին։
Դեսպան Քվինին նշել է, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության լավ ավանդույթներ և ցանկանում է զարգացնել դրանք նոր մակարդակի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների հետագա զարգացմանը՝ ելնելով հայկական կողմի նախանշած առաջնահերթություններից։
Նյութն ամբողջությամբ այստեղ