ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, հավանական է համարում ցանկացած պահի բախումների սկսումը, այսինքն՝ ադրբեջանական կողմից ագրեսիան:
«Արմենպրես»-ի հաղորմամբ` Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ հարցին: «Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են նրա մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: Սա ասում եմ ոչ թե մեր ժողովրդին վախեցնելու, այլ նաև պատրաստակամության համար, որ ի վերջո պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,-ասաց Օհանյանը: Հարցերին, թե որ ուղղությամբ կան կուտակումներ, ինչպիսի նպատակադրում ունի ադրբեջանական ԶՈՒ-ն, Օհանյանը նշեց, որ դրանց կարող է գնահատական տալ միայն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանությունն է:«Տիրող աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում է նրա մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,-ասաց խմբակցության ղեկավարը:
Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ