Աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների առումով վատագույն ցուցանիշներն ունեցող Ադրբեջանը, Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ կոչ անելով հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ մտքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը:
Ինչպես հաղորդում է interfax.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին տեղական մամուլի հարցին։
«Կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում ծայրահեղ բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում», – ասել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին Փարիզում վերսկսվել են արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Այս ակցիան իններորդն էր հունվարի կեսերից ի վեր, երբ արհմիություններն առաջին անգամ դուրս են բերել մարդկանց՝ պայքարելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։
Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել էր ցրել Ազգային ժողովը կենսաթոշակային բարեփոխումների համար ձայների սակավության դեպքում։
Նյութն ՝ այստեղ